საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
Վրաստանում գործող շուրջ 300 ոչ կառավարական կազմակերպություններ և լրատվամիջոցներ կարծում են, որ խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած «Արտաքին ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը Վրաստանի ընտրությունը չէ։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը, որին «Ալիք Մեդիան» ևս միացել է.
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, կտրականապես դեմ ենք «Արտաքին ազդեցության գործակալների մասին» խորհրդարանական մեծամասնության անդամների նախաձեռնած օրենքի նախագծին, որին իրենց աջակցությունն են հայտնել խորհրդարանի նախագահը և մեծամասնության մյուս անդամները։ Մենք կարծում ենք, որ ռուսական այս օրենքի ընդունման փորձն ուղղված է ոչ միայն ազատ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քննադատական լրատվամիջոցների, այլ նաև Վրաստանի բնակչության դեմ։
Այս օրենքը նպատակ ունի խոցելի դարձնելու բռնության զոհերին՝ երեխաներին և կանանց, հաշմանդամներին, փոքրամասնություններին, ինչպես նաև գիտնականներին, աշխատողներին և երիտասարդներին, օգնություն չտրամադրելու սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, հանքափորներին, ապօրինի աշխատանքից ազատվածներին, տեղահանվածներին, անօթևաններին, սահմանափակ ազատությամբ անձանց և նրանց իրավունքների համար պայքարողներին, ինչպես նաև խարխլելու բարձրլեռնային և այլ շրջաններում ապրողների ձայնը, որոնք միայն տեղական, անկախ լրատվամիջոցների միջոցով են հանրությանը տեղեկացնում իրենց ծանր վիճակի մասին։
Այս օրենքի նախագիծը պատասխան է բռնության, կոռուպցիայի, անօրինականության և ընտրովի օրենքի հարյուրավոր փաստերի, որոնք ուսումնասիրում և հրապարակում են հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները։
Ռուսաստանում նմանատիպ օրենքի ընդունումից հետո բազմաթիվ կազմակերպություններ հրաժարվեցին այն իրականացնել և փակվեցին։ Նրանք, ովքեր շարունակում էին գործել, դարձան վերահսկողության, ոտնձգությունների և բռնաճնշումների զոհ: Ռուսական օրենսդրությունը Վրաստանի ընտրությունը չէ, որի համար մենք տասնամյակներ շարունակ պայքարում ենք։
Այս օրինագծի ընդունումը հարձակում կլինի վրացական հիմնական արժեքների՝ արժանապատվության զգացման, անկախության և քաղաքացիական համերաշխության դեմ։ Բացի այդ, օրինագծի ընդունումը լրջորեն կվնասի Եվրոպայի հետ երկրի ինտեգրման գործընթացին, այդ թվում՝ կխոչընդոտի Վրաստանի առաջընթացին ԵՄ անդամակցության ուղղությամբ, որն իր անդամ պետություններից ոչ մեկում չունի նմանատիպ օրենք։ Միևնույն ժամանակ, այս օրենքի կիրարկումն անհնար կլինի առանց Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներին անչափելի վնաս պատճառելու»:
Օրենքի մասին մանրամասն՝
Հրահանգ