[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Կրոնի ազատություն / Հայտարարություն

Ստրասբուրգի դատարանը սկսել է Մառնեուլիի բյուջեից կրոնական կազմակերպությունների ենթադրյալ խտրական ֆինանսավորման գործով քննությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեից կրոնական կազմակերպությունների ենթադրյալ խտրական ֆինանսավորման գործով քննության որոշում է կայացրել և գործի առնչությամբ պաշտոնական հաղորդակցություն է սկսել Վրաստանի կառավարության հետ:

Սոցիալական արդարության կենտրոնը ներկայացնում է ՀԻԻԱ Համայն Վրաստանի մուսուլմանների բարձրագույն հոգևոր վարչությունը և պնդում, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի կողմից միայն մեկ կրոնական կազմակերպության տևական ֆինանսավորման պրակտիկան խախտում է Եվրոպական կոնվենցիայի 12-րդ լրացուցիչ արձանագրության առաջին հոդվածը, որը նախատեսում է օրենքով սահմանված ցանկացած իրավունքից՝ առանց որևէ խտրականության օգտվելու ապահովում: Սոցիալական արդարության կենտրոնը 2023 թվականի նոյեմբերի 30-ին նշված գործով հայտ է ներկայացրել Ստրասբուրգի դատարան:

Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 12-րդ լրացուցիչ արձանագրության առաջին հոդվածի ենթադրյալ խախտման վերաբերյալ մի շարք հարցերով դիմել է կառավարությանը: Կառավարությանն ուղղված հարցերի շրջանակներում Եվրոպական դատարանը հետաքրքրվում էր, թե ֆինանսավորման տեսանկյունից գտնվում էր արդյոք հայտատու կրոնական կազմակերպությունը Վրաց ուղղափառ եկեղեցու համանման իրավիճակում, ենթարկվել է արդյոք տարբերվող վերաբերմունքի, և որն էր նման վերաբերմունքի լեգիտիմ նպատակն ու ողջամիտ հիմնավորումը:

Սոցիալական արդարության կենտրոնը քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովայի և ՀԻԻԱ Համայն Վրաստանի մուսուլմանների բարձրագույն հոգևոր վարչության անունից 2019 թվականից դատավեճ էր սկսել ազգային դատարաններում՝ պահանջելով ճանաչել և արմատախիլ անել Մառնեուլիի մունիցիպալիտետից տեղական թեմի ֆինանսավորման խտրական պրակտիկան:

2022 թվականին Բոլնիսիի շրջանային դատարանը նշված գործով նախադեպային որոշում կայացրեց և անվավեր ճանաչեց Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի որոշման այն նորմը, ըստ որի մունիցիպալիտետի բյուջեից կրոնական գործունեության ֆինանսավորման համար հատկացված գումարը (400 000 լարի) ամբողջությամբ պետք է փոխանցվեր միայն Մառնեուլիի և Հուջաբի թեմին: Նշված գործով դատարանը ճանաչեց ֆինանսավորման խտրական կարգը և կիսեց հայցվորների փաստարկն առ այն, որ այս կարգը հակասում է աշխարհականության սահմանադրական սկզբունքին:

Մառնեուլիի քաղաքապետարանը որոշումը բողոքարկեց Թբիլիսիի վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ դատարանը մեկ նիստով ամփոփեց 3 տարի շարունակվող ծավալուն և կոմպլեքսային վարչական վեճը, որը վերաբերում էր նորմատիվ ակտի անվավերությանը, կրոնական հիմքով ուղղակի խտրականությանը և խտրական հետևանքների վերացմանը: Դատարանը բոլորովին անհիմն է չեղյալ համարել Բոլնիսիի շրջանային դատարանի որոշումը: Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ակնհայտ էր գործի զեկուցող դատավոր Լեյլա Մամուլաշվիլիի կողմնակալությունն ու բացասական վերաբերմունքը հայցվորների նկատմամբ, որն ամբողջությամբ հիմնված էր նրանց էթնիկ ծագման վրա: Դատավարության ընթացքում դատավորը անպատշաճ հարցեր է տվել և միայն այն պատճառով, որ հայցվորը էթնիկ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի է եղել: Մի քանի անգամ հարցրել է Սամիրա Բայրամովային, թե տեղյակ է արդյոք նա, թե ինչպես է կարգավորվում կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման հարցը Ադրբեջանում և ստանում են արդյոք քրիստոնյաները որևէ ֆինանսավորում Ադրբեջանի պետությանից:

Վրաստանի Գերագույն դատարանը գործը էապես չի քննել և ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի նշված որոշումը:

Նշենք, որ 2022 թվականին Բոլնիսիի շրջանային դատավոր Նինո Գիորգաձեի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսի կողմից: Հետագայում, երբ Արդարադատության բարձրագույն խորհուրդը Նինո Գիորգաձեին չի նշանակել պաշտոնում անժամկետ, այս որոշումը բացատրվել է այդ թվում նաև դատավորի կողմից այս գործով ունեցած քննադատական դիրքորոշումները ճնշելու շահագրգռվածությամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն՝ հնարավոր պայմանների շուրջ հոժարակամ համաձայնության գալու համար կողմերին 12 շաբաթ ժամանակ է տրվում: Եթե նման համաձայնության չեն գալիս, ապա կառավարությունը պարտավոր է լրացուցիչ 12 շաբաթվա ընթացքում ներկայացնել իր տեսակետը հայտում նշված հանգամանքների վերաբերյալ:

Սոցիալական արդարության կենտրոնը հանրությանը կանոնավոր կերպով կտրամադրի գործի վարույթի հետ կապված նորություններ:

Մենք հավատում ենք, որ այս գործով Եվրոպական դատարանի որոշումը կարող է էապես փոխել տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից կրոնական կազմակերպությունների խտրական ֆինանսավորման պրակտիկան: Այս պրակտիկան, սահմանադրական իրավունքներին ու սկզբունքներին հակասելուց բացի, բացասաբար է անդրադառնում նաև տարբեր խմբերի հավասար և արդար համակեցության սկզբունքի և ներառական ու ժողովրդավարական հասարակության կառուցման գործընթացի վրա:

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները