[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Էթնիկ փոքրամասնություններ / Հետազոտություն

Մերկ աշխատանք - Ոչ դոմինանտ էթնիկ խմբերը գյուղատնտեսության մեջ

Library Thumbnail Image

Էջերի թիվը:  29

Հրապարակման տարին:  2022

Հեղինակներ: 

შრომა_ARM_1686314827.pdf

Վերջին տարիներին պետությունը զգալի ներդրումներ է կատարում գյուղատնտեսության զարգացման համար։ Կայուն զարգացման սկզբունքների հիման վրա Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ռազմավարական տեսլականները նախորդ տարիներին և 2021-2027 թվականների նոր շրջափուլում նախատեսում են այնպիսի միջավայրի ստեղծում, որը կնպաստի ագրոպարենային ոլորտում մրցունակության բարձրացմանը, բարձրորակ արտադրանքի արտադրության կայուն աճին, պարենային անվտանգության ապահովմանը, սննդի անվտանգությանն ու գյուղական վայրերում աղքատության հաղթահարմանը։ Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման 2021-2027 թվականների պետական ​​ռազմավարության համաձայն՝ «2012 թվականից ի վեր Վրաստանի կառավարությունը կարևոր և աննախադեպ քայլեր է ձեռնարկել երկրի գյուղատնտեսության և գյուղի զարգացման համար»,[1] որի նպատակն է երկրի կայուն զարգացումը և ներառական տնտեսական աճը։ Չնայած այն հանգամանքին, որ պետությունը տարեկան հարյուր միլիոնավոր լարի է ներդնում գյուղատնտեսության մեջ և չափից ավելի սուբսիդիաներ է տրամադրում, մի շարք փորձագետներ կասկածում են այս ոլորտի շահութաբերությունը։[2] Քննադատության հիմքերից մեկն այն է, որ չնայած աճող աջակցությանը, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը դեռ տասն անգամ ցածր է ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշից:[3] Հարկ է նշել, որ ելնելով սոցիալական պետության և հավասարության սկզբունքներից և կայուն տնտեսական զարգացման համար՝ պետության կողմից գյուղատնտեսության աջակցությունը, և դրա զարգացմանն ուղղված գերակտիվ աշխատանքը սկզբունքորեն կարևոր է, քանի որ Վրաստանի բնակչության 41%-ը դեռևս զբաղված է գյուղատնտեսությամբ, իսկ որոշ շրջանների համար այն տնտեսության առաջատար ոլորտ է ներկայացնում,[4] իսկ երկրի սպառողական զամբյուղի 80%-ը ներմուծվող ապրանքներ են։[5]

Երբ խոսվում է գյուղատնտեսության և աղքատության հատման մասին, կարևոր է հաշվի առնել տնտեսական խորը անհավասարությունը, որն արդեն առկա է կենտրոնի և շրջանների միջև: Կյանքի մակարդակի առումով էական տարբերություններ կան գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև։ Օրինակ՝ 2018 թվականին գյուղական տնային տնտեսությունների համեմատ քաղաքային տնային տնտեսությունների միջին ամսական եկամուտը 19.0%-ով բարձր է եղել։ Նույն տարում բացարձակ աղքատությունը գյուղական բնակավայրերում կազմել է 23.1%, իսկ քաղաքներում՝ 18.0%։[6] Կենտրոնի և շրջանների միջև եղած անհավասարությունը նկատվում է նաև բազային ենթակառուցվածքների զարգացման որակի մեջ, որն ակնհայտորեն մեծ ազդեցություն է ունենում շրջանների զարգացման հնարավորությունների վրա։ Օրինակ՝ ճանապարհների, հասարակական տրանսպորտի, էլեկտրաէներգիայի և այլ էներգետիկ միջոցների անսարք համակարգերն ուղղակիորեն ազդում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների և ֆերմերների առօրյայի վրա։

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության մեջ տնտեսական անհավասարությունները շարունակում են մնալ էական մարտահրավեր: Բացառությամբ կոոպերատիվների, գյուղատնտեսության նախարարությունը չի պարզաբանում, թե ինչ է նշանակում փոքր և ընտանեկան տնտեսություն, կամ ֆերմեր։[7] Կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և էթնիկ փոքրամասնությունները համարվում են գյուղատնտեսության մեջ հատկապես խոցելի խմբեր, որոնք հաճախ չունեն հողատարածք կամ չեն օգտվում գոյություն ունեցող ծրագրերից: FAO-ի 2019 թվականի զեկույցի համաձայն՝ անհրաժեշտ է ավելի լավ տեսնել այդ խմբերի կարիքները և հատուկ քայլեր ձեռնարկել դրանց լուծման համար։[8] Ըստ 2021 թվականի «Human Development İndex»-ի (HDI), չնայած համաճարակային ճգնաժամին, Վրաստանն ունի շատ բարձր ցուցանիշ (0.802): Սակայն ըստ տարբեր սոցիալական խմբերի և շրջանների անհավասարությունների հաշվման արդյունքում ցուցանիշը նվազում է 12 կետով և հասնում 0.706 բալի։[9]

Վերջին տարիներին միջազգային կազմակերպությունների աջակցության և Եվրոպական միության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արդյունքում գյուղատնտեսության աջակցության ծրագրերը դարձել են ավելի կառուցվածքային, միասնական և թափանցիկ։[10] Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջանակներում ստեղծված Գյուղի զարգացման գործակալությունը որոշակիորեն միավորել է բոլոր ծրագրերն ու ծառայությունները, որոնք առնչվում են գյուղական վայրերում իրական բարեկեցություն ստեղծելու պետության ջանքերին:[11]

Այս փաստաթղթի նպատակն է քննադատական ​​հարցեր տալ և դիտարկել գյուղատնտեսության ոլորտում կառավարության ծրագրերն ու ներդրումները մի ոսպնյակի միջոցով, որը հնարավոր է անտեսվում է նախարարության և համապատասխան գերատեսչությունների կողմից: Այսպիսի խնդիրներից մեկը գյուղատնտեսությամբ զբաղվող ոչ դոմինանտ էթնիկ խմբերի կարիքներն են:

Սոցիալական արդարության կենտրոնի ակտիվ աշխատանքը ոչ դոմինանտ էթնիկ խմբերով բնակեցված շրջաններում ցույց է տալիս, որ էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող գյուղացիները հաճախ չեն կարողանում օգտվել գյուղատնտեսության ոլորտում առկա ծրագրերից և նախագծերից, նրանք հաճախ խոսում են իրենց գյուղերում հողային ռեսուրսների անարդար և խտրական բաշխման փորձի մասին, ինչը 90-ականների, ինչպես նաև վերջին տարիներին սեփականաշնորհման մասնատված և չվերահսկվող գործընթացի արդյունքն է։ Էթնիկ փոքրամասնությունների գյուղերում ոռոգման ջրի համակարգերը հաճախ անսարք են և ծանր բեռ են ներկայացնում տեղի բնակիչների համար: Գյուղատնտեսական նոր ծրագրերի և գիտելիքների հասանելիությունը նույնպես սահմանափակ է այս խմբերի համար: Չնայած այս ամենին, փոքրամասնությունների ներկայացուցիչները շարունակում են աշխատել ինքնակազմակերպմամբ, սեփական աշխատանքով և գյուղատնտեսության ավանդական մեթոդներով և նույնիսկ մի շարք ապրանքատեսակների արտադրությամբ առաջատար են երկրում։ Օրինակ՝ 2018 թվականի տվյալներով, Վրաստանում կարտոֆիլի ամենամեծ արտադրողը Սամցխե-Ջավախեթիի շրջանն է, իսկ կաթնամթերքի և անասնաբուծության առումով ամենաարդյունավետ տարածաշրջանը եղել է Քվեմո Քարթլին։[12]  

Ելնելով այս ամենից՝ կարևոր է հարցեր տալ, թե ինչպես են գյուղատնտեսական գերատեսչությունները աշխատում էթնիկ խմբերին աջակցելու համար, ինչպես են պետական ​​և միջազգային ներդրումները բաշխվում ըստ տարածաշրջանների, ինչպես է պետությունն օգնում այն ​​ոլորտներին, որտեղ ներգրավված են էթնիկ փոքրամասնությունները։ Հետաքրքիր է նաև, թե սոցիալական որ խմբերն են հիմնականում աջակցություն ստանում պետությունից՝ փոքր ֆերմերները, թե խոշոր գործարարները, ինչպես են ձևավորվում գյուղատնտեսության առաջնահերթ ոլորտները և ինչպես են որոշումներ կայացվում այս կամ այն ​​ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում աջակցության և ներդրումների ավելացման ֆոնին կարևոր է դիտարկել, թե ըստ տարբեր շրջանների՝ որքան արդար, ներառական և հավասար են նշված ռեսուրսները հասնում անմիջական գյուղացուն և ֆերմերին, և որքանով են հասանելի այդ ծրագրերն ու նախագծերը տարբեր խմբերի համար:

შრომა_ARM_1686314827.pdf

Ծանոթագրություններ և մատենագիտություն

[1] Վրաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման ռազմավարություն 2021-2027 https://mepa.gov.ge/Ge/Files/ViewFile/27243

[2] Վրաստանի գյուղատնտեսությունը պետության սոցիալական քաղաքականության մի մասն է https://forbes.ge/saqarthvelos-sophlis-meurn/

[3] Վրաստանի գյուղատնտեսության հիմնական միտումները 2012-2019 թթ https://transparency.ge/sites/default/files/sakartvelos_soplis_meurneoba.pdf

[4] Նույն

[5] Վրաստանի գյուղատնտեսությունը պետության սոցիալական քաղաքականության մի մասն է https://forbes.ge/saqarthvelos-sophlis-meurn/

[6] Վրաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման ռազմավարություն 2021-2027 https://mepa.gov.ge/Ge/Files/ViewFile/27243

[7] https://www.fao.org/3/ca9822en/CA9822EN.pdf

[8] Նույն

[9] Georgia ranks high on Human Development Index https://www.undp.org/georgia/press-releases/georgia-human-development-index

[10] Խորացված հարցազրույց փորձագետի հետ, հարցվող N1.

[11] Գյուղի զարգացման գործակալություն http://www.rda.gov.ge/ge/static/chvenshesakheb

[12] Վրաստանի վիճակագրության ազգային ծառայություն https://www.geostat.ge/ka/modules/categories/93/regionuli-statistika

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները