[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Էթնիկ փոքրամասնություններ / Հոդված

Ինչպե՞ս են անցկացվում ընտրությունները Ջավախքում

Տիգրան Թարզյան 

2014 թվականին Վրաստանում անցկացված վերջին համընդհանուր մարդահամարի տվյալներով՝ ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության 13,2%-ը (489240 մարդ)։ Առանձնանում են հատկապես երկու բազմաթիվ խմբեր՝ ադրբեջանական համայնքը՝ 6,3% (ընդհանուր բնակչության 6,3%-ը՝ 233,024 մարդ) և հայ համայնքը (ընդհանուր բնակչության 4,5%-ը՝ 168,102 մարդ)։

Հատկապես կարևոր և սկզբունքային են այս տարվա հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները։ Այս տարի մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարական և եվրոպական ապագան։ Նման կրիտիկական պահին ազգային փոքրամասնությունների ձայնը պետք է ավելի հստակ լսելի լինի, հատկապես հաշվի առնելով, որ նրանց ձայները կարող են որոշիչ լինել խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար։ Ուստի, թեկուզ միայն պրագմատիկ ընտրական հաշվարկների հիման վրա, նշված երկու էթնիկ խմբերի ձայների ներգրավումը պետք է լինի հատուկ առաջնահերթություն բոլոր կուսակցությունների համար։

Սակայն նույնիսկ այս օրհասական պահին Ջավախքում նախընտրական շրջանն ընթանում է նույնքան «հանգիստ», որքան վերջին տարիներին։ Քաղաքական «հանգիստ» իրավիճակի հիմնական պատճառը տարածաշրջանում ոչ մրցակցային քաղաքական միջավայրն է։ Ջավախքի դեպքում ընդդիմադիր կուսակցությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում տարածաշրջանին՝ չունեն կուսակցական ենթակառուցվածք, անկախ ու ուժեղ ներկայացուցիչներ, ոչ էլ մեր կարիքներից բխող ծրագրեր ու ուղերձներ։ Ջավախքի ընդդիմադիր կուսակցությունները հաճախ առաջնահերթություն են տալիս պասիվ թեկնածուներին, ովքեր հնարավորություն չունեն մեծ ազդեցություն թողնելու և փոփոխություններ բերելու։ Իշխող քաղաքական ուժն ակնհայտորեն օգտագործում է այս իրողությունը ի շահ իրեն և իրեն ներկայացնում է որպես տեղի բնակչության միակ իրական ընտրությունը։ Սակայն նույնիսկ իշխող ուժի ցուցակներով ընտրված տեղական թեկնածուները, շատ դեպքերում, պատկանում են օրենսդիր մարմնի «լուռ պատգամավորների» շարքին։ Նրանք խորհրդարանում ելույթներ չեն ունենում, օրենսդրական նախաձեռնություններով էլ չեն ներկաիացնում։ Հետևաբար, նրանք երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում չեն պաշտպանում Ջավախքի ժողովրդի շահերը և իրականում ոչինչ չեն անում նրանց կյանքը բարելավելու համար։

Այսօր Ջավախքում ապրող ժողովուրդը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ սկսած ծանր իրավական իրավիճակից (հազարավոր էթնիկ հայեր կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը, որն այսքան տարի չեն վերականգնել. տեղում ոստիկանական խիստ վերահսկողություն), սոցիալական խնդիրներ (թույլ. սոցիալական ենթակառուցվածքներ, գործազրկություն, բարձր միգրացիա) և գյուղատնտեսություն (շուկաների հիմնական բացակայություն, շուկայի մոնոպոլիզացիա, տեղական կարիքներին ուղղված ծրագրերի բացակայություն), շարունակական սոցիալական անհավասարությամբ (կրթության, առողջապահության, այլ սոցիալական ծառայությունների ցածր հասանելիություն): Այս խնդիրները լուծելու համար կարևոր է նպաստել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների լայն մասնակցությանը քաղաքական գործընթացներին և, հետևաբար, հաշվի առնել նրանց մտահոգությունները, շահերը և կարծիքները: Սակայն քաղաքական կուսակցությունների հռետորաբանությունը գործնականում ուշադրություն չի դարձնում մեր խնդիրներին։

Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում ընտրողը, անկախ թեկնածուից, հիմնականում քվեարկում է իշխող կուսակցության օգտին։ Այս իրավիճակը կարելի է բացատրել մի քանի գործոններով.

  1. Իշխող կուսակցությանն աջակցելը՝ որպես Վրաստանին հավատարմության արտահայտություն

Գործող իշխանությունը «հաջողությամբ» կարողացել է ջնջել պետության ու իշխող կուսակցության սահմանը։ Միաժամանակ Ջավախքում իշխող կուսակցության հիմնական կոչն այն է, որ «մենք՝ ազգային փոքրամասնություններս, պետք է լինենք պետության կողքին», որտեղ վերը նշված սահմանի ջնջման պատճառով իշխող կուսակցությունը պետություն է համարվում։ Այս կոչը Ջավախքում որպես ավանդույթ է ձեւավորվել, եւ այն օգտագործվել է բոլոր իշխանությունների կողմից նախընտրական շրջանում։ Հաճախ քաղաքականապես կարևոր պահերին, երբ պետք է ընդունվեն կարևոր որոշումներ, այս կոչն օգտագործվում է նաև բնակչության բողոքը ճնշելու համար, քանի որ գերիշխող դիսկուրսը իշխող կուսակցության դեմ բողոքը նույնացնում է վրացական պետության դեմ գործողության հետ։

  1. Ընդդիմադիր կուսակցությունների թույլ ներկայացվածությունը

Ջավախքում ընդդիմադիր սպեկտրը կարիք ունի իր աշխատանքային ռազմավարության խորը փոփոխության։ Ընդհանուր առմամբ, մինչ այժմ ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը հարկ չի համարում պայքարել էթնիկ փոքրամասնությունների ձայների համար և նրանց ներկայացնել կուսակցական ցուցակի անցողիկ տեղերին։

Որպես կանոն, երբ քաղաքական կուսակցություններն ընտրում են Ջավախքի տեղական ներկայացուցիչներին, հիմնական չափանիշը ոչ թե կոնկրետ անձանց հասարակական և քաղաքական գործունեությունն է կամ համայնքային խնդիրների լուծման փորձը, այլ կոնկրետ անհատների տնտեսական և սոցիալական ռեսուրսներն ու ազդեցությունը։ Հետևաբար, տեղական կուսակցական ղեկավարները հաճախ տեղի բնակչության իրական ներկայացուցիչներ չեն։

Բնակչության շրջանում կա անվստահություն և կասկածներ գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների տեղական ներկայացուցիչների անկեղծության վերաբերյալ։ Հաճախ զգացվում է, որ տեղական ընդդիմությունը, ներառյալ խոշոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, կապված են իշխող թիմի անդամների հետ և իրականում տեղական բնակչությանը այլընտրանքային քաղաքականության հեռանկար չեն առաջարկում: Որպես դրա պատճառ՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները շատ դեպքերում նշում են իրենց ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկումները և նրանց հասցեին հնչեցրած սպառնալիքները։ Սակայն ընդդիմության բազմաթիվ առաջնորդների անազնվությունը հաստատվում է ընտրություններից հետո նրանց հանկարծակի աշխատանքի անցնելով պետական ​​հատվածում և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները տեղում շատ պասիվ են։

Նրանց հիմնական նպատակը կարծես թե նախընտրական վերջին մեկուկես ամսվա ընթացքում մի քանի գյուղ այցելելն է և այնտեղ արված լուսանկարներն ուղարկել կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղից ակնկալում են ստանալ նրանց համար նախատեսված չնչին ֆինանսական միջոցները։

Նման իրավիճակում կա երրորդ գործոնը, որը միշտ աշխատում է ի օգուտ իշխող կուսակցության։ Իշխող կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսում է շատ ավելի շուտ, քան ընդդիմադիր կուսակցությունները։ Վերջին տարիներին ակտիվորեն նշվում է այսպես կոչված «Գյուղի օրվա» տոնակատարություն։ Այս օրը բարձրլեռնային գյուղերում ապրող մարդկանց համար ամենօրյա ծանր աշխատանքային գործընթացից ազատվելու և զվարճանալու միակ օրն է։ Իշխող կուսակցությունն իր օգտին է օգտագործում «Գյուղի օրերը», իսկ համագյուղացիների հանգանակությոմբ կազմակերպված սեղանի շուրջ միշտ իշխող իշխանության կենացն են խմում։ Այս տարվա Գյուղի օրերի շրջանակներում, որոնք հիմնականում ֆինանսավորվում են ծնունդով տեղացի ռուսաստաբնակ գործարարների կողմից, կազմակերպիչներն ու ներկաները, այդ թվում՝ խորհրդարանի, տեղական ավագանու ներկայացուցիչները ու նահանգապետարանի ներկայացուցիչները, շնորհակալություն են հայտնում կառավարությանը ճիշտ քաղաքական կուրսի համար և հիշեցրել բնակիչներին, որ այս տարի ընտրական տարի է, և որ հոկտեմբերին. ինչպես միշտ «Պետք է լինենք պետության կողքին»։ Իսկ պետության մեջ, ինչպես վերը նշեցի, նկատի ունեն կառավարող ուժը։

Ուժեղ ընդդիմության բացակայության պայմաններում իշխող կուսակցությունը ընտրություններում հաղթում է անգործությամբ և պարզապես կենացներ ասելով։

  1. Քաղաքական գիտակցության ցածր աստիճան

Ոչ պակաս կարևոր գործոն է էթնիկ փոքրամասնությունների՝ քաղաքական կուսակցությունների մասին իրազեկվածության բացակայությունը: Դրա պատճառը ընդդիմադիր կուսակցությունների թուլությունն ու ոչ անկեղծ աշխատանքն է, ինչպես նաև քաղաքական և կուսակցական տեղեկատվության բացակայությունը հայերեն լեզվով։

Վերջին շրջանում ակտիվորեն խոսում եմ տեղի բնակչության հետ քաղաքական գործընթացների մասին։ Ես վաղուց եմ նկատել, որ փոքրամասնությունները հիմնականում տեղեկություններ ունեն երկու-երեք կուսակցության մասին։ «Միացյալ ազգային շարժումը» հայտնի է որպես «Սահակաշվիլիի կուսակցություն», «Վրացական երազանքը»՝ Իվանիշվիլիի կուսակցություն, իսկ վերջին երրորդ կուսակցությունը, որը տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես «Բանկ ունեցող՝ Խազարաձեի կուսակցություն» (այս դեպքում խոսքը Լելոյի մասին է)։ Ես միշտ կատակում եմ «բանկի սեփականատեր կուսակցության» մասին. «Վրաստանում գրեթե բոլոր կուսակցությունները բանկ ունեն, ո՞ր կուսակցության մասին եք խոսում»։ Կոալիցիոն կառավարության ու բազմակուսակցական խորհրդարանի մասին անգամ խոսելն ավելորդ է։ Այս մասին ոչ քաղաքացիական կրթության ուսուցիչներն են դասավանդում աշակերտներին, ոչ էլ տեղական լրատվամիջոցները խոսում են այս հարցերի մասին:

Կուսակցությունների և ընթացիկ քաղաքական իրադարձությունների մասին նման ցածր տեղեկացվածության ֆոնին շատ դժվար է խոսել ընդդիմադիր կուսակցությունների միավորման ռազմավարության մասին։

  1. Քաղաքական գործընթացներում էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը խրախուսելու մեխանիզմների բացակայություն

Հարկ է նշել նաև այն փաստը, որ էթնիկ փոքրամասնությունների քաղաքական ներգրավվածության բարձրացման համար չկա քաղաքական կուսակցությունների քվոտային համակարգ, ֆինանսական խթաններ կամ որևէ այլ դրական մեխանիզմ՝ Վրաստանի օրենսդրության մեջ՝ նպաստելու էթնիկ փոքրամասնությունների ներգրավմանը քաղաքական գործընթացներում: Հետևաբար, էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական կուսակցություններին կախված է քաղաքական կուսակցությունների բարի կամքից։

Քաղաքական մասնակցությանը խոչընդոտող մեկ այլ գործոն Ջավախքի բնակչության և քաղաքական կուսակցությունների միջև կապերի թուլությունն է, ինչը նվազեցնում է վստահությունը կուսակցությունների նկատմամբ։ Դա հաստատում են նաև տեղի բնակչության շրջանում տարածված համապատասխան նարատիվները՝ «Մեր ձայնը ոչինչ չի փոխի», «Ով էլ գա, հասարակ մարդկանց մասին ոչ ոք չի մտածում», «Ամեն մեկն իր գրպանի մասին է մտածում» և այլն։ Այս կարծիքները ձևավորվել են Ջավախքում առկա սոցիալ-տնտեսական անհավասարությունների և այդ անհավասարությունների նկատմամբ քաղաքական կուսակցությունների անտարբերության արդյունքում։ Ջավախքում քաղաքական պաշտոնն ընկալվում է ոչ թե որպես պարտավորության, հաշվետվողականության և ազնվության պարտականություն տեղի բնակչության և երկրի հանդեպ, այլ որպես շքեղության և արտոնյալ վիճակ է: Հարկ է նշել նաև, որ կուսակցությունների համամասնական ցուցակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները շատ դեպքերում զբաղեցնում են չանցողիկ տեղեր ցուցակում։ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին տասնհինգում ազգությամբ հայ թեկնածու չկար։ Բացի այդ, կուսակցությունների քաղխորհուրդներում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը բավականին փոքր է, ինչը նվազեցնում է նրանց ներգրավվածությունն ու ազդեցությունը ներկուսակցական որոշումներում։

Ուստի 90-ականներից մինչ օրս ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը խորհրդարանում երբեք համաչափ չի եղել էթնիկ փոքրամասնությունների տեսակարար կշռին ընդհանուր բնակչության հետ համեմատ։ 1992 թվականի գումարման խորհրդարանում կային 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, 1995 և 1999 թվականների խորհրդարաններում՝ 16-16, 2004 թվականի գումարման խորհրդարանում՝ 12, 2008 և 2012 թվականների գումարման խորհրդարաններում՝ 6-6, 2016 թվականի գումարման խորհրդարանում 11, 2020 թվականի գումարման խորհրդարանում միայն 6 անդամ։

Բացի վերը նշված խնդիրներից, կարելի է նշել մի շարք այլ խնդիրներ՝ կապված ընտրությունների, քաղաքական մասնակցության և էթնիկ փոքրամասնությունների ընտրական վարքագծի հետ, ինչպիսիք են անբավարար քաղաքական և քաղաքացիական կրթությունը, գործող պետական ​​մեխանիզմների անարդյունավետությունը և դրական մեխանիզմների բացակայություն քաղաքական մասնակցությունը խթանելու համար։ Սակայն կարծում եմ, որ այդ հարցերը պետք է լուծվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, և ներկայումս՝ նախընտրական կարճաժամկետ հատվածում, առաջնահերթությունը պետք է լինի ընդդիմադիր կուսակցությունների կողմից վերը նշված սխալները շտկելու և մնացած ներկուսակցական խնդիրները շտկելուն։ Նաև պետք է մշակվի և իրականացվի նպատակային գործողությունների ծրագիր՝ հարմարեցված էթնիկ փոքրամասնությունների կարիքներին:

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները