[Skip to Content]

Բաժանորդագրություն նորություններին

აქციის მონაწილეების საყურადღებოდ! საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

 

 საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63

Էթնիկ փոքրամասնություններ / Հոդված

Ընտրությունները և էթնիկ փոքրամասնությունները. կոչ քաղաքական կուսակցություններին

Մի քանի օր առաջ հանդիպումներից մեկի ընթացքում, որտեղ ես ներկայացնում էի Քվեմո Քարթլիի տարածաշրջանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների կարիքների մասին անցկացված հետազոտությունը, քաղաքական գործիչներից մեկն ինձ հարցրեց, թե ինչու է իշխանությունն այդքան մեծ աջակցություն ստանում էթնիկ փոքրամասնություններից, նույնիսկ այն պայմաններում, երբ «Վրացական երազանքը» բացահայտորեն դեմ է եվրոպական գաղափարին՝ բազմազանությանը:

Նախ և առաջ հարկ է նշել, որ էթնիկ փոքրամասնությունները չեն աջակցում միայն իշխանությանը: Այս «քաղաքային լեգենդը» ստեղծել է հենց քաղաքական վերնախավը, և անձամբ հավատացել դրան: Որպես օրինակ դիտարկենք հետևյալը՝ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում (որտեղ բնակչության համապատասխանաբար 92%-ը և 69%-ը կազմում են էթնիկ փոքրամասնությունները), ընդդիմությունը ցույց տվեց ամենաբարձր, մինչդեռ իշխանությունը ողջ Վրաստանի մասշտաբով՝ ամենացածր արդյունքները: Ավելի ճշգրիտ՝ 2020 թվականի ընտրությունների ժամանակ Մառնեուլիում ընտրություններին մասնակցող 44666 ընտրողից (47%-անոց ակտիվություն), «Վրացական երազանքին» աջակցել է 45, իսկ ընդդիմությանը՝ 55 %-ը: Բոլնիսիում ընտրություններին մասնակցել է 17585 մարդ (45%-անոց ակտիվություն), որոնցից 61%-ը քվեարկել է «Վրացական երազանքի», իսկ 39%-ը՝ ընդդիմության օգտին: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի ընտրություններին իշխանության ստացած ընդհանուր ձայների 7.88%-ը էթնիկ փոքրամասնությունների կողմից էր, մինչդեռ ընդդիմության դեպքում նույն ցուցանիշը կազմել է 3.63%: Սրա հետ մեկտեղ, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2021 թվականի ինքնակառավարման ընտրություններում, ընդդիմությունը, մասնավորապես՝ Ազգային շարժումը կուսակցության սխալ կադրային որոշումների պատճառով Քվեմո Քարթլիի ընտրողների շրջանում կտրուկ կորցրեց աջակցությունը: Հետևաբար, կարելի է ասել, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ընտրողները զգոն և զգայուն են, և պետք չէ նրանց ընկալել որպես միայն իշխանության կողմնակիցներ:

Հարկ է նշել, որ Վրաստանում ընտրությունները միշտ կապված են եղել մեծ պայքարի ու առճակատումների հետ, սակայն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն իսկապես վճռորոշ են լինելու երկրի համար: Հոկտեմբերի 26-ին որոշվելու է երկրի ապագան, և այն, թե ինչ տեղ է զբաղեցնելու Վրաստանը համաշխարհային քաղաքականության մեջ առաջիկա 3 տասնամյակի ընթացքում: Ուստի չափազանց կարևոր է, որ Վրաստանի քաղաքացիներն ու ընտրողները կարողանան վերադարձնել երկիրը ճիշտ ուղու վրա: Գրում եմ վերադարձնել, քանի որ անկեղծորեն կարծում եմ, որ վերջին 30 տարում «Վրացական երազանքի» իշխանությունը վտանգի տակ է դրել Վրաստանի կառուցած և ստեղծած բոլոր ձեռքբերումները, փորձել է վերագրել «գործակալ» պիտակը երկրի ամենաառաջադեմ, պրոֆեսիոնալ ու հայրենասեր հատվածին, բացահայտ ու առանց ամաչելու հակադրվել է մեր արևմտյան գործընկերներին ու ընկերներին:

Սակայն այն դեպքում, երբ վերջին տարիներին քաղաքական ընդդիմությունը առանձնանում էր ներքին ոչ ժողովրդավարական հակամարտություններով, մակերեսայնությամբ և պառակտվածությամբ, անարդար կլիներ վերապահել այդ պատասխանատվությունը միայն ընտրողներին: Ընտրություններին մնացել է ընդամենը 3 ամիս, իսկ քաղաքական կուսակցությունների ընդլայնման ու նոր կոնֆիգուրացիաների ուրվագծերն արդեն պարզ են: Մյուս կողմից, կա կոորդինացում նախագահի առաջարկած «Վրացական խարտիայի» ձևաչափով: Այնուամենայնիվ, դեռ առկա է այն զգացումը, որ էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ մակերեսային տեսակետները դեռևս ամուր են քաղաքական վերնախավում: Եվ այն պայմաններում, երբ գիտենք, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունների ճակատագիրը որոշելու են չնչին տարբերությունները, կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները ճիշտ ծրագրեն իրենց քաղաքականությունը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

Այս նամակով փորձում ենք բացատրել քաղաքական վերնախավերին և քաղաքական գործիչներին չընկալել էթնիկ փոքրամասնություններին որպես մոնոլիտ խումբ և չմտածել, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ընտրողների հետ աշխատելը ջանքերի և ծախսերի վատնում է:

Առաջարկում ենք 3 ամենատարածված նախապաշարմունքները, գայթակղություններն ու սխալները, որոնք բնորոշ են բոլոր քաղաքական կուսակցություններին, երբ խոսքը վերաբերում է ընտրություններին և էթնիկ փոքրամասնություններին: Որպես դրա այլընտրանք՝ ձեզ ենք ներկայացնում այն ​​3 հարցերը, որոնք էթնիկ փոքրամասնությունների համայնքի համար այսօր ամենաառաջնայինն են:

«Եթե վրացերեն սովորեք, բոլոր խնդիրները կլուծվեն»

Պետական ​​լեզվի ուսուցումը ամենամեծ ձախողումներից մեկն է, որն ունեցել է մեր պետությունը կապված էթնիկ փոքրամասնությունների հետ: Տարիների ընթացքում բոլոր իշխանությունները շեշտադրել են պետական ​​լեզվի իմացության հարցը: Այս հարցը տարածված ու սրբազնացված էր նաև էթնիկ մեծամասնությունների համայնքներում: Ըստ պոպուլիստ և դեմագոգ քաղաքական գործչի՝ ավելի թանկ ու արժեքավոր ուրիշ ի՞նչ կարող ես առաջարկել փոքրամասնություններին, քան վրաց լեզվի ուսուցումը: Սակայն այստեղ էլ բախվեցինք անհաջողությունների: Փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում պետական ​​լեզվի ուսուցիչներ գրեթե երբեք չեն եղել, մեզ համար գրեթե երբեք չեն ստեղծվել որակյալ դասագրքեր, և գրեթե երբեք չեն ծախսվել բավարար միջոցներ էթնիկ փոքրամասնություններին պետական ​​լեզուն իրականում սովորեցնելու նպատակով: Բացառություն է կազմում ​​«1+4» ծրագիրը, որը երիտասարդներին Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում քննությունների արտոնյալ պայմաններով սովորելու հնարավորություն է տալիս, սակայն նախ և առաջ հենց երիտասարդների և նրանց ընտանիքների փութաջանության արդյունքում են հազարավոր երիտասարդներ լավ տիրապետում պետական ​​լեզվին և ստանում պատշաճ կրթություն: Այդուհանդերձ, այն, որ լեզվի իմացությամբ ոչ բոլոր խնդիրներն են լուծվում, բոլորից լավ գիտեն հենց այս երիտասարդները: Համապատասխան աշխատանքի ընդունվելը նրանց համար անհասանելի նպատակ է, նրանց համար փակ են նույնիսկ հանրային ծառայությունները: Այս ամենը դժվար է բացատրել քաղաքական վերնախավերին, որոնք համառորեն պնդում են, որ լեզուն սովորելով հնարավոր է լուծել բոլոր խնդիրները և չեն լսում փոքրամասնություններին, ովքեր խոսում են աշխատանքի ընդունվելու դժվարությունների, սոցիալ-տնտեսական մարտահրավերների, աշխատանքային հարաբերություններում առկա խտրականության, որպես օտար ընկալվելու փորձի մասին:

Քանի դեռ լեզվի իմացությանը մենք նայում ենք ոչ թե որպես սոցիալական զարգացման և մոբիլացման գործիքի, այլ սրբազնացված, մշակութային հիերարխացման և գերիշխանության շրջանակից, արդիականությունը չեն կորցնի իմ ընկերներից մեկի խոսքերը. «Վրաց լեզվի իմացությունը վրացերեն լռել չի նշանակում»: Վրաց լեզուն սովորելով մենք կունենանք մեկ լեզվով խոսելու հնարավորություն, իսկ այդ գործընթացում քաղաքական վերնախավերը պետք է սովորեն լսել փոքրամասնությունների ասելիքը:

Իրականում, այն ինչ բոլորից շատ անհրաժեշտ է էթնիկ փոքրամասնություններին, դա որակյալ կրթության հավասար հասանելիությունն է:

Այսօր էթնիկ փոքրամասնությունների համայնքներին 3 անգամ ավելի քիչ հասանելի է նախադպրոցական կրթությունը: Դպրոցներում ենթակառուցվածքային խնդիրներին ավելանում են մարդկային ռեսուրսների պակասը և դասագրքերի բացակայությունը: Արդյունքում, բոլոր իշխանությունների օրոք քաղաքականացված դպրոցների նպատակը կիրթ, պրոֆեսիոնալ և հաջողակ քաղաքացի դաստիարակելու փոխարեն դառնում է իշխող կուսակցության հաղթանակն ընտրություններում: Այս ամենի ֆոնին «1+4» ծրագրով երիտասարդները փորձում են լրացնել բարձրագույն կրթության նշված ձախողումները, սակայն բուհերում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողների աջակցության մեխանիզմների սահմանափակումը ստեղծում է կախարդված շրջան, որից գրեթե անհնար է դուրս գալ: Փոքրամասնությունների կրթության հարցը պատշաճ ըմբռնելը և ոչ թե միայն լեզվի ուսուցման խնդրի վրա շեշտը դնելը պետք է լինի բոլոր քաղաքական կուսակցությունների տնային աշխատանքը նախընտրական շրջանում:

«Իշխանությունը պայքարում է Եվրոպայի դեմ. մենք Եվրոպայի և եվրոպական արժեքների ջատագովն ենք».

Վերջերս նման հայտարարություններ ենք լսում բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից: Ռուսական օրենքի, օֆշորների օրենքի և «Վրացական երազանքի» նախաձեռնած այլ նախաձեռնությունների լույսի ներքո պարզ է դառնում, որ իշխանությունն իսկապես բռնել է հակաժողովրդավարական և հակաարևմտյան ուղին: Սակայն այս ամենի ֆոնին ընդդիմության կողմից շեշտը միայն «Վրացական երազանքի» սխալ քայլերի վրա դնելը և կոնկրետ եվրոպական նախաձեռնություններ չներկայացնելն ապարդյուն է ինչպես, առհասարակ, ընտրողների, այնպես էլ էթնիկ փոքրամասնությունների համայնքների համար:

«Վրացական երազանքի» իշխանությունը առայժմ բացահայտ և ագրեսիվ պայքար չի մղում բոլոր փոքրամասնությունների դեմ: Ավելին, էթնիկ փոքրամասնությունների ձայները համակարգը փորձում է մոբիլիզացնել պահպանողական գաղափարներով ու կարգախոսներով: Նախընտրական շրջանում «Վրացական երազանքը» էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խոսել է երեք հիմնական նշանաբանով.

  1. Մենք առաջարկում ենք կայունություն երկրում (Վրաստանում պատերազմ չի լինի):
  2. Մենք առաջարկում ենք չափավոր կայունություն էթնիկ և կրոնական հարցերում (առայժմ ոչ ոք բացահայտորեն չի ճնշվի իր ծագման պատճառով):
  3. Մենք առաջարկում ենք կայունություն ավանդույթների մեջ (մենք պայքարում ենք «այլասերվածության» դեմ):

Որպես այս կարգախոսների հակակշիռ, առանց իրական եվրոպական ու առաջադեմ գաղափարներ առաջարկելու, իշխանությունն իսկապես «կտիրանա» էթնիկ փոքրամասնությունների համայնքների ընտրական ձայների բացարձակ մեծամասնությանը: Ելքը կոնկրետ տեսլականների, քաղաքականությունների և ծրագրերի ստեղծումն է: Եվ այս ամենը պետք է լինի տարիներ շարունակ գոյություն ունեցող մարտահրավերների արձագանքը: Տարիներ շարունակ էթնիկ փոքրամասնությունները պահանջում են ստեղծել թարգմանչական ծառայություններ, իրականացնել հողային բարեփոխումներ, զարգացնել տեղական ենթակառուցվածքները, գյուղատնտեսության մեջ համապատասխան ծրագրերով աջակցել ֆերմերներին և գյուղացիներին, հարգալից վերաբերմունք ցուցաբերել և պահպանել փոքրամասնությունների մշակույթը, վերացնել խտրականությունը կրոնական շինություններ կառուցելու հարցում և այլն: Առանց նման առաջադեմ ծրագրերի ու նախաձեռնությունների, որոնք գոնե մի փոքր կթեթևացնեն տեղաբնակների քրտնաջան աշխատանքը և կլցնեն նրանց սրտերը պայծառ ապագայի հույսով, քաղաքական կուսակցությունների մակերեսային զրույցներն իրենց եվրոպականության և իշխանությունից տարբերվելու մասին, էթնիկ փոքրամասնությունների համար ոչինչ չասող բացականչություններ են: Մենք բոլորս հոգնել ենք այս եվրոպականությունից, այժմ կոնկրետության ժամանակն է:

«Ի՞նչ նշանակություն ունի պատկանելությունը. մենք բոլորս նույնն ենք»

Քաղաքական վերնախավի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և վրացական ակադեմիայի լիբերալ օրակարգը էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ստիպեց հավատալ, որ վերջնական նպատակը պետք է լինի նույնականություններ չտեսնելը: Պետք է ասել, որ մոտեցումը (being color blind) որոշակի փուլում եղել է արևմտյան ակադեմիայի առաջատար գաղափարը, թեև այսօր արդեն նման բան ասելը խնդրահարույց և անընդունելի է:

Իհարկե, մենք բոլորս նույնն ենք, միևնույն ժամանակ՝ նաև տարբեր, և մեզ անհրաժեշտ են տարբեր ձայներ և տարբեր գույներ՝ հասարակական կյանքն ավելի հետաքրքիր ու արդար դարձնելու համար: Ավելին, որոշումների կայացման գործընթացում իսկապես կարևոր է ընդգրկել տարբերվող մարդկանց, հակառակ դեպքում որպես հետևանք կունենանք Բոլնիսիի և Դմանիսիի մունիցիպալիտետները, որտեղ մանկապարտեզներ են կառուցվում միայն վրացական, և ոչ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերում:

Այսօր արդեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդները, և ոչ միայն, խոսում են տեղական և կենտրոնական իշխանություններում, որոշումներ կայացնող պաշտոններում, կառավարությունում, խորհրդարանում և բյուրոկրատիայում արդար ներկայացուցչության մասին: Եվրոպականությունը ճանապարհ կբացեր և հնարավորություններ կընձեռեր այս երիտասարդներին:

Եվրոպականությամբ և «մենք բոլորս նույնն ենք» կարգախոսով քաղաքական կուսակցություններն այս ընտրություններում հեռու չեն գնա: Փոքրամասնությունների առջև կուսակցությունների եվրոպականության և առաջընթացության թեստը կլինի ընտրական ցուցակի առաջին տասնյակում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունը կամ բացակայությունը: Եվ դա չի լինելու այնպիսի մարդ, ով 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել է Ազգային շարժման ցուցակում: Ցուցակների կազմման գործընթացին պետք է հետևեն նախարարի և փոխնախարարների պաշտոնները: Կուսակցությունները երիտասարդներին պետք է ներկայացնեն ծրագիր, թե էթնիկ փոքրամասնություններին ինչպես են մտադիր տեղավորել աշխատանքի հանրային ծառայություններում այնպես, որպեսզի նրանց դերը երկրի կառուցման գործում կապված լինի ազգային և տեղական մակարդակների հետ:

Եթե քաղաքական ​​կուսակցությունները չկարողանան կարգավորել այս հարցերը նախքան ընտրական թեժացումները, ապա կրկին կբռնեն արդեն բազմիցս անցած ուղին՝ փորձելով հավաքել ձայներ հարուստ/ազդեցիկ գործարարների, Ադրբեջանի հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR), «Աղսակալների» կամ հին ծանոթներ հետ հարաբերություններ հաստատելով: Ցավոք, թե բարեբախտաբար, այս մեթոդների մեջ ոչ ոք չի կարող հաղթել «Վրացական երազանքին»:

Եթե ​​քաղաքական վերնախավերը և կուսակցական առաջնորդները, բազմաթիվ քաղաքացիների նման, իսկապես հավատում են, որ հոկտեմբերի 26-ը վճռորոշ օր է և էական նշանակություն ունեցող ընտրություններ երկրի արտաքին քաղաքականության համար, ապա էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ընտրողների հետ կապված թույլ չեն տա նույն սխալները:

Հրահանգ

  • Կայքում առաջ շարժվելու համար սեղմեք «tab» ստեղնը
  • Հետ վերադառնալու համար գործածվում են «shift+tab» ստեղները