საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
Մեզ՝ Վրաստանի քաղաքացիական հասարակության համար չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում խաղաղությունը։ Մենք մտահոգված ենք նոր լարվածությամբ, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող Լաչինի միջանցքի փակմամբ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ ստեղծելու մասին։
Այս իրականության մեջ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար մարդ արդեն գրեթե 7 ամիս կանգնած է ծանր սոցիալ-տնտեսական մարտահրավերների և հումանիտար ճգնաժամի առջև։ Մինչ այժմ նրանց տեղաշարժը բոլոր ուղղություններով սահմանափակված է, ինչը նրանց դարձնում է լիովին մեկուսացված։ Հուլիսի 25-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը նախկինում տարածաշրջանում մարդասիրական բեռ կրող հիմնական կազմակերպությունն էր, հայտարարեց, որ չնայած բազմաթիվ ջանքերին, այլևս չի կարողանում մարդասիրական ռեսուրսներ տրամադրել տեղաբնակներին։ Շուրջ 1 ամիս է, ինչ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերը դադարեցնում են նաև պարենամթերքի, դեղորայքի և այլ ռեսուրսների մատակարարումը տարածաշրջան, ինչը կապված է հունիսի 15-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Տարբեր կազմակերպությունների և լրատվամիջոցների տեղեկություններով՝ տարածաշրջանում սննդի, բժշկական պարագաների և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա։ Amnesty International-ի տվյալներով՝ սննդի պակասի պատճառով կանանց և երեխաների շրջանում նկատվում է իմունային անբավարարության, անեմիայի, վահանաձև գեղձի հիվանդությունների և շաքարախտի վատթարացման դեպքերի զգալի աճ։ Իրավիճակը հատկապես բարդ է տարեցների և հաշմանդամների, ինչպես նաև խրոնիկական հիվանդություններ ունեցողների համար, որոնց հասանելիությունը առողջապահական ծառայություններից խիստ սահմանափակված է կամ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ արգելափակված։ Արգելափակված տարածաշրջանում կանանց իրավական և հումանիտար իրավիճակը կրկնակի բարդացել է։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մինչև 27000 աշակերտներ զրկված են կրթություն ստանալու տարրական իրավունքից, քանի որ ուսումնական հաստատությունների գործունեությունը խոչընդոտվում է սահմանափակ ջեռուցման և էլեկտրաէներգիայի պատճառով:
Ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով Լեռնային Ղարաբաղում մոտ 1100 մարդ չի կարող վերադառնալ իրենց տները, այդ թվում՝ ծնողներից բաժանված 270 երեխա։
2022 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ միջպետական դիմումի շրջանակներում Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության սահմանափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանին հանձնարարվել է ապահովել բեռների, մարդկանց և տրանսպորտի անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Դատարանը համարել և գտել է, որ անհրաժեշտ են ժամանակավոր միջոցներ՝ ապահովելու Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով (CERD) իրավունքները, ներառյալ ազատ տեղաշարժը երկրի ներսում և դրսում, ինչպես նաև բժշկական և սոցիալական ծառայությունների հասանելիություն և ազգային պատկանելության հիման վրա Խտրականության վերացում: Դատարանի կարծիքով՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ այդ իրավունքների իրականացումը կարող է անմիջական վտանգի տակ լինել, ուստի Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները տեղաշարժի խոչընդոտները վերացնելու համար։ Բացի այդ, մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 22-ին նույնպես որոշել է ժամանակավոր միջոց կիրառել կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն ՝ դրանով իսկ Ադրբեջանին պարտավորեցնելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց տեղաշարժն ապահովելու համար, որոնց համար սահմանափակված է կենսական նշանակության ծառայությունների, այդ թվում ծանր հիվանդների համար առողջապահության ծառայություների հասանելիությունը։
2023 թվականի հուլիսի 26-ին Եվրամիությունը հերթական անգամ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը գնահատել է որպես կրիտիկական։
Մենք՝ Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ցանկանում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը հայտնել հակամարտության բոլոր կողմերի հակամարտությունից տուժած բնակչությանը, ում կյանքի վրա լրջորեն տուժել են 30 տարվա չլուծված հակամարտությունները: Հակամարտությունների և պատերազմների արդյունքում խաղաղ բնակիչները կրում են ամենալուրջ և անդառնալի վնասները։ Զինված առճակատումներն ու չլուծված հակամարտությունները կարժենան մարդկանց կյանքը, առողջությունը, ամենօրյա անվտանգությունն ու ապագան։ Մեզ համար՝ որպես խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության վրա աշխատող դերակատարների, առաջին առաջնահերթությունը քաղաքացիական բնակչության կարիքների և շահերի պաշտպանությունն ու աջակցությունն է: Մեզ համար էական է, որ միջազգային հանրությունը և հակամարտության մեջ ներգրավված կողմերը բանակցային գործընթացում առաջնահերթություն տան մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության շահերին և հեռանկարին։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների պաշտպանությունը կարող է վստահության վերականգնման և հարաբերությունների կարգավորման նախապայման դառնալ։ Աշխարհաքաղաքական ճգնաժամային իրավիճակում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ընդհանուր շահագրգռվածություն ունեն ստեղծելու խաղաղ համակեցության նոր փորձ, վստահության, փոխօգնության և համագործակցության նախադեպեր, որոնք կապահովեն Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը, զարգացումն ու սոցիալական բարեկեցությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը, կարևոր է.
Կողմերը պետք է զերծ մնան հետագա էսկալացիայից, ձեռնպահ մնան գործողություններից, որոնք ավելի կվնասեն առանց այն էլ փխրուն բանակցային միջավայրին և պաշտպանեն հակամարտություններից տուժածների արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը։
Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները հատուկ պատասխանատվություն են կրում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Այն, թե ինչպես է Ադրբեջանը հաղթահարում այս մարտահրավերը, կազդի ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության և հարաբերությունների վրա:
Ստորագրող կազմակերպություններ.
Հրահանգ