საერთო ცხელი ხაზი +995 577 07 05 63
1988 թվականի աշնանը, երբ դեռ Թբիլիսիում, ապա՝ ողջ Վրաստանում բողոքի ակցիաների մեծ ալիք բարձրացավ, որը հետագայում ժամանակակից Վրաստանի հավաքական հիշողության մեջ մնաց «Ազգային-ազատագրական շարժում» անվան տակ, ի հայտ եկավ նոր՝ «Լեզու, հայրենիք, հավատք» կարգախոսը, որը դարձավ ոչ միայն այս շարժման, այլև ամբողջ նոր Վրաստանի նույնականացման հիմնական բանաձևը։ Նախքան այս կարգախոսի ստեղծմանը, դրա ըմբռնմանն ու մեկնաբանություններին անդրադառնալը, նախ ուսումնասիրենք դրա բնօրինակը՝ Իլիա Ճավճավաձեի տեսակետը, որտեղից էլ առաջ է եկել այս կարգախոսը։
1860 թվականին 23-ամյա Իլիա Ճավճավաձեն «Ցիսկարի» ամսագրում հրապարակեց իր առաջին հրապարակախոսական հոդվածը՝ «Մի քանի խոսք Շալվայի որդի իշխան Ռևազի էրիսթավիի Կոզլովի «Խենթը» պոեմի թարգմանության մասին» վերնագրով։ Հոդվածը բանավիճական էր և հիմնականում վերաբերում էր վրաց լեզվի այն ժամանակվա վիճակին։ Հոդվածի վերջում Իլիան ափսոսանքով հավելում էր. «Երեք աստվածային գանձ է մնացել մեզ մեր նախնիներից՝ լեզու, հայրենիք, հավատք: Եթե դրանց էլ տիրություն չանենք, ապա էլ ի՞նչ մարդ ենք մենք, ի՞նչ պատասխան ենք տալու ապագա սերունդներին։ Մյուսները չգիտեմ, բայց մենք մեր հարազատ ծնողին էլ թույլ չէինք տա հողին հավասարեցնել մեր մայրենի լեզուն։ Լեզուն սրբություն է, հանրային սեփականություն, որին մարդը չպետք է դիպչի մեղսավորի ձեռքով»։
Հարկ է նշել, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ Իլիայի գործունեության ընթացքում ոչ ընթերցողը, ոչ էլ անձամբ Իլիա Ճավճավաձեն չեն ընկալել այս երեք բառերը որպես որևէ մարտական նշանաբան։
Իլիա Ճավճավաձեի ինչպես գրական, այնպես էլ պրակտիկ գործունեության հիմնական առարկան հայրենիքի՝ որպես վրացականությունը միավորող հասկացության ստեղծումն էր։ Իլիա Ճավճավաձեի մեծագույն վաստակով է ստացել այս բառը հայրենիքի՝ ողջ Վրաստանի իմաստ, այն երկրի, որն իր օրոք քաղաքականորեն և աշխարհագրականորեն գոյություն չուներ։ Սրանով նա թե՛ տեսական թե՛ հայեցակարգային առումով նախ և առաջ ստեղծեց վրաց ազգը՝ արդեն անհետացման ու վերացման վտանգի տակ գտնվող մի ժողովրդից, որն այլևս չուներ ո՛չ իր պետությունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ ազգ լինելու որևէ անկապտելի հատկանիշ։ Իլիայի և նրա համախոհների շնորհիվ ստեղծվեցին վրացիներին վերամիավորվող հասկացություններ և մշակութային խորհրդանիշներ, որոնք դարձան ժամանակակից վրացական ազգային գիտակցության հիմքը։ Այս հիմքն ինքը կանգնած է վրացու և Վրաստանի սահմանման վրա, որն Իլիայից հետո բազմիցս է փոխվել և որոշ դեպքերում անճանաչելիորեն հեռացել է Իլիայի տարբերակից՝ թե՛ բովանդակային, թե՛ նպատակային առումով:
XIX դարում, որը նաև ազգայնականության դար է կոչվում, Եվրոպայում և ողջ աշխարհում ի հայտ էին գալիս ազգի, նացիայի նոր հայեցակարգեր, որոնց համաձայն այս կամ այն ազգը պետք է ստեղծեր իր ինքնությունը։ Եթե ֆրանսիացիների, կամ 1870 թվականին միավորված գերմանացիների, կամ բրիտանացիների համար ազգային ինքնությունը կապված էր նրանց պետականության և կայսերական ձգտումների հետ, ապա աշխարհի ժողովուրդների մեծ մասը որպես ազգ սկսում էր ձևավորվել կայսերական-գաղութատիրական վիճակում։ Ուստի նրանց միասնությունը պայմանավորվում էր տարբեր գործոններով։ 1877-1878 թվականների ռուս-օսմանյան պատերազմից հետո Ռուսական կայսրության վրացիներով բնակեցված երկու նահանգներին ավելացավ նաև Աճարան, որն ավելի քան չորս դար գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում։ Հենց այդ ժամանակ է Իլիա Ճավճավաձեն գրում իր «Օսմալոյի Վրաստանը» ծրագրային նամակը՝ ստեղծելով ազգի բոլորովին նոր, սեկուլյար և վրացական իրականությանը համապատասխանող բնորոշում. «Ո՛չ լեզվի, ո՛չ հավատքի, ո՛չ էլ ազգատոհմի միասնությունն է շաղկապում մարդկանց այնպես, ինչպես պատմության համանմանությունը։ Նույն մտահոգությունն ունեցող, պատմական նույն լծով կեղեքված, նույն փորձությունների միջով անցած ու նույն խնդությունը կիսած ազգը միահամուռությամբ, հավատարմությամբ է ուժեղ»: Սա է Իլիա Ճավճավաձեի ներմուծած ազգի ըմբռնումը, հատկապես՝ վրաց ազգի, որպես պատմականորեն ձևավորված միասնության սահմանումը, որտեղ բոլոր առանձին գործոնները, այդ թվում՝ լեզուն, դավանանքը կամ ազգատոհմը երկրորդական են: Այս հայեցակարգում ազգն ավելի բարձր է, քան էթնոսը, այսինքն՝ ազգատոհմը, արյունակցական կապը: Ազգն ավելի բարձր է, քան լեզուն, քանի որ վրացիները խոսում են տարբեր լեզուներով, չնայած վրացերենի՝ որպես գրական լեզվի գերազանցությանը: Ազգն ավելի բարձր է, քան հավատքը, քանի որ վրաց ազգը բազմակրոն ազգ է, այսինքն՝ ինքնությունը չի սահմանվում հավատքի համաձայն: Սա է դասական սեկուլյար հայեցակարգը, որում միակ սրբությունը, սակրալը հայրենիքն է։ Իսկ հայրենիքն իր բոլոր երեխաներին հավասարապես է միավորում մեկ ազգի մեջ:
Այսպիսին է վրաց ազգի առաջին բնորոշումը, որի հեղինակը՝ Իլիա Ճավճավաձեն, կենդանության օրոք արժանացավ «ազգի հայր» էպիտետի։ 1937 թվականին արդեն Խորհրդային իշխանությունը նշեց Իլիայի 100-ամյա հոբելյանը՝ հիմք դնելով Իլիա Ճավճավաձեի պաշտամունքին, ինչը նշանակում էր Վրաստանի քաղաքների և գյուղերի փողոցները, հրապարակները, այգիներն ու հանրային հաստատություններն անվանակոչել Իլիա Ճավճավաձեի անվամբ, կանգնեցնել նրա հուշարձանները։ Իսկ նրա դատողությունների մեկնաբանումը վերածվեց պետական գործի, այսինքն՝ միաձուլվեց գաղափարական նարատիվին և, համապատասխանաբար, նրա պարզաբանումն ու ուսուցումը ենթարկվեցին գաղափարական վերահսկողության։ Եվս 50 տարի անց՝ 1987 թվականին, երբ եկեղեցին դեռևս վերահսկվում էր Խորհրդային Պետության Անվտանգության Կոմիտեի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի կողմից, Վրաց ուղղափառ եկեղեցին սրբադասեց Իլիա Ճավճավաձեին՝ կոչելով նրան Սուրբ Իլիա Արդար։ Այսպես ստեղծվեց վրացական առաջին աշխարհիկ նախագծի հեղինակի սակրալ կրկնորդը։ Իլիայի այս նոր կերպարանքում միաձուլվեցին ազգայինն ու կրոնականը, որը շուտով յուրացրեց 1980-ականների վերջին ի հայտ եկած «Ազգային շարժումը»։ Իլիա Ճավճավաձեի առաջին հրապարակումից վերցված և ձևափոխված «Լեզու, հայրենիք, հավատք» արտահայտությունը ոճավորվեց որպես ազգային շարժման հիմնական կարգախոս՝ փոխարինելով «Բոլոր երկրների պրոլետարներ, միացե՛ք» խորհրդային գլխավոր կարգախոսին:
Այս մի հայացքից անմեղ թվացող փոփոխությունն իր հետևանքներն ուներ. 1980-ականների վերջին Վրաստանում էթնիկ ազգայնականությունը վերածվեց գերիշխող գաղափարախոսության իր այնպիսի էքստրեմալ դրսևորումներով, ինչպիսիք են «գենետիկորեն վրացու» և «գենետիկորեն ուղղափառի» ամբողջովին ուլտրաազգայնական հասկացությունները: Եթե Իլիայի նախագիծը ենթադրում էր ստեղծել ազգատոհմերի մասնատված և կրոնապես տարասեռ վրացիների միավորող գործոն՝ ընդլայնելով վրացու հասկացությունը նեղ էթնո-կրոնական սահմաններից, ապա XX դարավերջին Իլիայի խոսքերով ստեղծված կարգախոսը դարձավ նույն Իլիայի Վրաստանի և վրացու հասկացության մասնատողն և սեղմողը: Հետևաբար, այս սեղմված գիտակցությունը Վրաստանում պարարտ հող ստեղծեց էթնիկ և կրոնական հակամարտությունների համար։ Ինքը, Իլիա Ճավճավաձեն կամ նրա կրկնորդը, դարձան էթնիկ և կրոնական ազգայնականության խորհրդանիշը, որը միշտ չարաշահվում և շարունակում է չարահահվել քաղաքական ամբոխավարների և քարոզիչների ձեռքում։
2024 թվականի ապրիլին այսպես կոչված՝ «Ռուսական օրենքի» դեմ բողոքող երիտասարդները համարձակություն ցուցաբերելով վերափոխեցին Իլիայի խոսքերով ստեղծված «Լեզու, հայրենիք, հավատք» կարգախոսը «Լեզու, հայրենիք, միասնականություն» կարգախոսի, ինչը մեծ իրարանցում առաջացրեց «Վրացական երազանք» իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց քարոզիչների շրջանում, որոնք իրենց բնորոշ ամբոխավառությամբ դրսևորեցին իրենց որպես Իլիայի և հավատքի պաշտպաններ: Իրականում, գերհավատքային և գերազգատոհմային միասնականությունը վրաց ազգի Իլիային բնորոշ հայեցակարգի հիմնական սկզբունքն է։ Այսպիսով, նոր՝ «Լեզու, հայրենիք, միասնականություն» տարբերակն ըստ էության նշանակում է վերադառնալ Իլիա Ճավճավաձեի կարծիքին և արդիականացնել այն՝ ընդդեմ «Վրացական երազանքի» անջատողական և թշնամանք հրահրող քարոզչության։
Հրահանգ